Categories
Բլոգ

Հաճախ սիգարը համադրում են խմիչքի և սննդի հետ, սակայն, պարզվում է, միշտ չէ, որ հեշտ է լինում համապատասխան համակցություն կազմելը: Այնուամենայնիվ, որոշակի փորձի և փորձարկումների շնորհիվ կարելի է գտնել հիանալի համադրություն, որը կընդգծի և՛ սիգարի, և՛ խմիչքի/ուտեստի համային հատկանիշները:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնց հետևելով՝ կկարողանաք լավագույնս վայելել ինչպես սիգարների, այնպես էլ սննդի և խմիչքների համային հատկանիշները:

Առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել սիգարի ուժգնությունն ու համի առանձնահատկությունները: Օրինակ՝ թունդ սիգարները պահանջում են թունդ խմիչքներ և ուտեստներ՝ իրենց համը լրացնելու համար:

 

Սիգարի և խմիչքի համադրությունը

Սիգարի հետ դասական համադրություն կազմում են կոնյակը և վիսկին: Կոնյակը կարելի է վայելել մեծ, թունդ և հագեցած բույրերով սիգարներով: Խորհուրդ չի տրվում ընտրել երիտասարդ խմիչք: Եթե նախընտրում եք համարձակ և թունդ վիսկի, կարող եք վերցնել, օրինակ, քաղցր սիգար. դրանք հիանալի կերպով կլրացնեն միմյանց: Իսկ ավելի թունդ սիգարը լավ համադրվում է կարամելային թանձր նոտաներով վիսկու հետ:

Սիգարները հիանալի զուգակցվում են նաև թունդ թեյի կամ սուրճի, բուրբոնի և սկոտչի հետ, քանի որ այս խմիչքներն ունեն ուժեղ համ և բույր և կարող են լրացնել ու հավասարակշռել սիգարի համը: 

Ալկոհոլի որոշ տեսակներ խորհուրդ չի տրվում օգտագործել սիգարի հետ: Դրանց թվում են 43%-ից ավելի, 8%-ից քիչ սպիրտ պարունակող խմիչքները, քաղցր կամ չափազանց թթու ըմպելիքները, սպիտակ սպիրտային խմիչքները՝ օղին, ջինը, տեկիլան և այլն: Կարևոր է ընտրել այնպիսի խմիչք, որի համը չի գերազանցի և կոտրի սիգարի համը։ Սիգարը չի «սիրում» նաև թույլ խմիչքներ, քանի որ դրանք կարող են ճնշվել սիգարի ուժեղ բույրով: Չարժե սիգարը վայելել գարեջրի կամ կոկտեյլի հետ: 

Գինին թեև կարելի է ըմպել սիգարի հետ, նման համադրության սիրահարները շատ չեն: Խորհուրդ չի տրվում ընտրել կիսաքաղցր գինի. շաքարը թույլ չի տալիս զգալ սիգարի համն ու բույրը: Հաճախ սիգարը վայելում են էլիտար և հին գինու «ընկերակցությամբ»: Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ սպիտակ գինուն՝ ոչ թունդ սիգարով:

Սիգարի և սննդի համադրությունը

Համակցություն կազմելիս անհրաժեշտ է ընտրել հավասար ուժգնության համ և բույր ունեցող սիգար ու սնունդ, որպեսզի մեկի ազդեցությամբ մյուսը «չխամրի»: Խուսափե՛ք շատ թթու կամ աղի սննդամթերքից: 

Սիգարները սովորաբար համադրվում են հագեցած համ ունեցող մսային ուտեստների հետ, ինչպիսիք են տավարի և խոզի միսը: Սիգարները կարելի է վայելել նաև թռչնամսի, ընկուզեղենի, չորամրգերի, շոկոլադի և պանրի տարբեր տեսակների հետ: Բացի դրանից՝ հիանալի ընտրություն կարող է լինել ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդը, քանի որ դրանք օգնում են մեղմել նիկոտինի ազդեցությունը մարմնի վրա:

Ծխելիս խուսափե՛ք «թեթև» ուտեստներից, ինչպիսիք են ձուկը, աղցանները, որոնց համն ավելի թույլ կզգացվի սիգարի «ընկերակցությամբ»: Սիգարը «չի սիրում» նաև կաթնամթերք:

Սիգարի որոշակի տեսակների համար համապատասխան խմիչք կամ ուտեստ ընտրելու նպատակով խորհուրդ կարող եք հարցնել նաև մասնագիտացված խանութների աշխատակիցներին: Դա կօգնի ձևավորել ճիշտ պատկերացում համակցությունների մասին և փորձ ձեռք բերել:

Հիշե՛ք նաև, որ համակցությունները, ի վերջո, մեծապես կախված են ձեր նախընտրություններից, այնպես որ շարունակ փորձե՛ք տարատեսակ սիգարներ, ուտեստներ և խմիչքներ՝ ձեզ համար կատարյալ համադրություն գտնելու և նոր համեր բացահայտելու համար:

Օրացույց

October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Կատեգորիաներ